Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ռուսաստան – Եգիպտոս խաղով մեկնարկեց խմբային մրցաշարի երկրորդ տուրը։
Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերը հաղթեցին 3։1 հաշվով։
Հանդիպման առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում Եգիպտոսի հավաքականի ավագ Ահմեդ Ֆատհին պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Պատահական հաջողությունից ոգևորված Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը դարձավ ևս 2 գոլի հեղինակ։ Դիպուկությամբ աչքի ընկան Դենիս Չերիշևը և Արտյոմ Ձյուբան։
73-րդ րոպեին Մոհամեդ Սալահը անվրեպ իրացրեց իր վաստակած 11-մետրանոցը։
Էկտոր Կուպերի թիմը մնացած ժամանակահատվածում շարունակեց գրոհել, բայց ավելին անել չկարողացավ։
Ռուսաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և ապահովեց իր տեղն ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում։ Եգիպտոսը միավոր դեռ չունի։