Գլխավոր Լուրեր Միջազգային Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է. ԵԱՀԿ Մինսկի...

Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

0
13764

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն են են տարածել:

Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ:

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Համանախագահներն ի գիտություն են ընդունում մայիսի 27-ին 6 հայ զինծառայողների ձերբակալվելու մասին զեկուցումները և կոչ են անում ազատել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան կալանավորված անձանց հետ վարվելու պարտավորությունը:

Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները, և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները մտահոգությամբ նշում են նաև Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ վերջին հաղորդագրությունները:

Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է: Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի տեղափոխումը, իրավիճակը լիցքաթափելու և սահմանը խաղաղ սահմանազատելու և սահմանագծելու բանակցություններ սկսելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին դյուրացման հարցում:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի իրենց մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին՝ հնարավորինս շուտ ներգրավվել գործընթացում՝ իրենց հովանու ներքո»: