ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջի վրա: Այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է Վահե Էնֆիաջյանը:
«Այսօր վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց եւ տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի: Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին: Զանգից հաշված րոպեներ անց եղել եմ դեպքի վայրում։
Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը: Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա հուսահատ քայլը պայմանավորված է իրավունքի եւ արդարադատության խնդիրներով։ Կարողացանք երիտասարդի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ նման քայլի նա այլեւս չի դիմի: Այնուհետեւ, մեքենայով անձամբ եմ նրան ուղեկցել տուն։ Այլ մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել է Էնֆիաջյանը: