ԱԱ-2018-ի G խմբի 2-րդ տուրի 2-րդ խաղում մրցում էին Անգլիայի և Պանամայի հավաքականները:
Անգլիացիները հաղթեցին 6:1 հաշվով:
Առաջին խաղակեսի հսկայական առավելությունը Սաութգեյթի թիմը վերածեց խփած 5 գոլի:
Հանդիպման մեկնարկից 8 րոպե անց Ջոն Սթոունզը գլխի հարվածով բացեց հաշիվը: 22-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Հարի Քեյնը: 36-րդ րոպեին Ջեսի Լինգարդը փայլուն հարվածով 3-րդ գնդակն ուղարկեց պանամացիների դարպասը:
40-րդ րոպեին Սթոունզը նաև դուբլ ձևակերպեց: Առաջին կեսի ավելացված ժամանակում ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց դարպասին. Հարի Քեյնը հուժկու հարվածով գնդակն ուղարկեց նույն անկյունը:
Երկրորդ խաղակեսը համեմատաբար հանգիստ ընթացավ:
62-րդ րոպեին Լոֆտուս-Չիկի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Քեյնից և հայտնվեց դարպասում: Պաշտոնական աղբյուրներում գոլը գրանցված է Քեյնի անվան դիմաց:
78-րդ րոպեին Պանամայի հավաքականը հեղինակության գոլ խփեց. տուգանայինից փոխանցումից հետո ավագ Ֆելիպ Բալոյը սահընկումով գնդակն ուղարկեց Փիքֆորդի դարպասը: Մնացած ժամանակահատվածում գոլ չգրանցվեց:
Անգլիան վաստակում է 6 միավոր և փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերում: G խմբի վերջին տուրում մրցելու են առաջատարները՝ Անգլիա-Բելգիա: Միավոր չունեցող Պանամայի և Թունիսի ընտրանիները մրցելու են միմյանց դեմ: