«Նախիջևանը Թուրքիայի համար ունի առանձնահատուկ նշանակություն։ Սա կարևոր է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ուժեղացնելու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Էրդողանի հայտարարած Նոր Թուրքիայի քարտեզում, ըստ Սաֆրաստյանի՝ Նախիջևանն ընդգրկված է Թուրքիայի կազմում. «Երբ այս մասին խոսում եմ, ադրբեջանական մամուլը ջղային է արձագանքում, որովհետև խոսքը ժամանակակից Ադրբեջանի տարածքի մասին է։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը Թուրքիայի որոշակի շրջանակների կողմից ընկալվում է՝ որպես Թուրքիայի տարածք, որովհետև դա մտցվել է ազգային ուխտի սահմանների մեջ, որ ընդունվել է 1920թ. հունվարին Թուրքիայում։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան կնպաստի Ադրբեջանի ռազմական ակտիվությանը Նախիջևանում, բայց եթե Ադրբեջանը որոշակի ավանտյուրա անի, Թուրքան ուզած-չուզած՝ կօժանդակի»։