Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Անգլիան հաղթեց Կոլումբիային և անցավ քառորդ եզրափակիչ

ԱԱ-2018. Անգլիան հաղթեց Կոլումբիային և անցավ քառորդ եզրափակիչ

1646
0

Կոլումբիայի և Անգլիայի հավաքականները Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում վիճարկեցին աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին ուղեգիրը: Հետխաղյա 11 մետրանոցներով հաջողության հասավ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում անգլիացիները վաստակեցին 11 մետրանոցի իրավունք: Այն հստակ իրացրեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը 6 գոլով աշխարհի առաջնության ռմբարկուների մրցավազքի առաջատարն է: Ավելացված երրորդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կոլումբիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Իերի Մինան վերականգնեց հավասարությունը՝ 1:1:

Լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան գոլ խփել եւ նշանակվեց 11 մետրանոցների հարվածաշար, որը դիպուկ հարվածով սկսեց կոլումբացի Ռադամել Ֆալկաոն, Հարի Քեյնը եւս չվրիպեց: Կուադրադոն ու Մարկու Ռեշֆորդ եւս փոխանակվեցին արդյունավետ հարվածներով: Կոլումբացի Մուրիելի գոլից հետո Հենդերսոնը ձախողվեց դարպասապահ Դավիդ Օսպինայի հետ դիմակայությունում: Սակայն դրանից հետո Կոլումբիայի չորրորդ հարվածը ձախողեց Ուրիբեն, իսկ Տրիպիերը հստակ էր եւ շտկեց անգլիացիների համար վտանգավոր դրությունը: Կոլումբիայի 5-րդն հարվածն էլ գոլով չավարտվեց՝ հերթական ձախողակը Բական էր: Անգլիային հաղթանակ բերեց Դայերը՝ 4:3: