Մարդիկ սկսել են շուրթերով համբուրվել 1000 տարի շուտ, քան նախկինում ենթադրվում էր: Օքսֆորդի համալսարանի և Կոպենհագենի համալսարանի հետազոտողները վերջերս վերլուծել են վաղ Միջագետքի հասարակությունների գրավոր աղբյուրները և եզրակացրել, որ մարդկության ամենավաղ գրանցված համբույրը տեղի է ունեցել 4500 տարի առաջ:
«Հին Միջագետքում վաղ մշակույթները, որոնք ապրում էին Եփրատ և Տիգրիս գետերի միջև, այժմյան Իրաքում ու Սիրիայում, սեպագիր գրել են կավե տախտակների վրա», – ասում է Կոպենհագենի համալսարանի դոկտոր Թրոյլս Պանկ Արբոլը: «Այս կավե տախտակներից շատերը պահպանվել են մինչ օրս, և դրանք հստակ օրինակներ են տալիս, որ հին ժամանակներում համբույրը համարվում էր ռոմանտիկ մտերմության մաս, ճիշտ այնպես, ինչպես համբույրը կարող էր լինել բարեկամության և ընտանեկան հարաբերությունների մաս»:
Հետազոտության համաձայն՝ շուրթերով համբուրվելը «սկսվել է Մերձավոր Արևելքում 4500 տարի առաջ»՝ 1000 տարի շուտ, քան նախկինում ենթադրվում էր: Նախկինում հետազոտողները կարծում էին, որ համբույրը ծագել է Հարավային Ասիայում 3500 տարի առաջ:
Փորձագետները նախկինում կարծում էին, որ շրթունքների առաջին հպումը տեղի է ունեցել 3500 տարի առաջ Հարավային Ասիայի որոշակի հատվածում՝ կասկածելով, որ պրակտիկան ի վերջո տարածվել է նաև այլ տարածաշրջաններում:
«Համբույրը չպետք է դիտվի որպես սովորույթ, որը ծագել է բացառապես մեկ տարածաշրջանում և տարածվել այնտեղից, ավելի շուտ, այն կիրառվել է շատ հին մշակույթներում մի քանի հազարամյակների ընթացքում», – նշել է Արբոլը: