Գլխավոր Լուրեր Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից, աշխարհասփյուռ տեղական մարմիններից. Արա...

Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից, աշխարհասփյուռ տեղական մարմիններից. Արա Վարդանյան

0
2683

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը:

Այս մասին իր տարածած հայտարարության մեջ հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

«Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է:

Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը»,-ասված է հայտարարության մեջ:

Շարունակելով Արա Վարդանյանը ներողություն է խնդրել բոլորից:

«Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է`մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար»:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:

Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն: