Գլխավոր Լուրեր «Հայաստանը կդառնա աշխարհում ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը». Time-ը Նիկոլ Փաշինյանին անվանել է աշխարհում...

«Հայաստանը կդառնա աշխարհում ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը». Time-ը Նիկոլ Փաշինյանին անվանել է աշխարհում ժողովրդավարության 4 խաչակիրներից մեկը

0
6148

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան հայտնի Time շաբաթաթերթը ներկայացրել է աշխարհում ժամանակակից ժողովրդավարության չորս «խաչակիրներին»՝ «4 խաչակիրները, որոնք ժողովրդավարության երազանքը կենդանի են պահում աշխարհում» վերնագրված հոդվածում: Որպես աշխարհում ժողովրդավարության չորս առաջամարտիկներից մեկը թերթը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն իշխանության է եկել «թավշյա հեղափոխության» արդյունքում:

Պարբերականը գրում է, որ աշխարհում այսօր ամեն երրորդն ապրում է ավտորիտար ռեժիմում, իսկ մնացածն ապրում են հետընթաց գրանցող ժողովրդավարական ազատության պայմաններում:  Դեպի ավտոկրատիա միտումը միլիոնավոր մարդկանց ստիպել է ոտքի կանգնել և իր ձայնը պահանջել իր կյանքի կառավարման գործում:

Time-ը զրուցել է այդ չորս գործիչների հետ, թե ինչն է իրենց դրդել պայքարել ժողովրդավարության համար: Ժամանակակից աշխարհում ժողովրդավարության մյուս երեք «խաչակիրներ» են դարձել Տոգոյից իրավապաշտպան Ֆարիդա Նաբուրեման, որը տարիներ շարունակ պայքարում է Տոգոյում բռնապետության դեմ, նիկարագուացի ակտիվիստ Էնրիեթ Մարտինեսը, որը պայքարում է նախագահ Դանիել Օրտեգայի վարչակարգի դեմ, և Թունիսից 2015 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակակիր Ուիդեդ Բուշամուին:

«Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, որ ինձ ստիպեց դուրս գալ խորհրդարանական խմբակցության ղեկավարի իմ հարմարավետ գրասենյակից և մոտ 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանում՝ բողոքելով Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության դեմ: Ես ոչ մի անձնական շարժառիթ չեմ ունեցել: Միակ բանը, որ ուզում էի, իմ հայրենիքի և ժողովրդի համար ազատության և երջանկության հաղթանակն էր: Ես ասացի, որ եթե մարդիկ հարյուր հազարներով դուրս գան փողոց և իշխանափոխություն տեղի չունենա, ես այլև չեմ զբաղվի քաղաքականությամբ»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ պատմել է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության խաղաղ բնույթի մասին, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանը կդառնա աշխարհում ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը:

«Առաջին իսկ օրվանից մենք անընդհատ ասում էինք, որ չենք դիմի որևէ մեկի նկատմամբ բռնության, անգամ եթե բախվենք կոշտ վերաբերմունքի: Հարթակից ես ասացի, որ մեզ առաջնորդելու են աստվածաշնչյան տողերը՝ եթե մեկը ապտակում է աջ այտին, ձախ այտն էլ դեմ տուր: Մենք գիտեինք, որ երբեք չենք նահանջելու»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի վերջո ժողովուրդը հաղթանակ է տարել, և ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ժողովրդի հաղթանակը պահպանվի:

«Ես համոզված եմ, որ մենք առաջ կգնանք ժողովրդավարության կառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և օրենքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության ու տնտեսական մրցակցության ապահովման հարցերում: Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ չէ, այլ արժեքների և համոզմունքների դրսևորում: Հավատացած եմ, որ Հայաստանը կլինի աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: