Ինը տարվա հարաբերություններից հետո ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն (40) և մոդել Ջորջինա Ռոդրիգեսը (31) պաշտոնապես հայտարարել են իրենց նշանադրության մասին։ Բազմաթիվ շահարկումներից և երկրպագուների երկար սպասումներից հետո զույգը վերջապես հաստատել է լուրը։
Երկուշաբթի օրը Ջորջինան իր Instagram-ի էջում կիսվել է հուզիչ լուրով՝ ցուցադրելով ադամանդե հսկայական մատանին և հրապարակմանը կից գրելով․ «Այո՛։ Այս և իմ բոլոր կյանքերում»։
Այս նորությունը հաջորդում է ամիսներ տևած խոսակցություններին, որոնք հատկապես սրվել էին այն բանից հետո, երբ Ջորջինան կիսվել էր հարսանեկան թեմատիկայով ընթրիքի լուսանկարներով։ Հատկանշական է, որ Ռոնալդուն նախկինում մի քանի անգամ Ջորջինային հրապարակավ անվանել է իր «կինը»՝ նշելով, որ նրանք կամուսնանան, «երբ ճիշտ պահը գա»։
Զույգը, որը միասին է 2016 թվականից, դաստիարակում է երկու ընդհանուր դուստրերի՝ 7-ամյա Ալանային և 2-ամյա Բելլային։ Ջորջինան նաև Ռոնալդուի մյուս երեք երեխաների խորթ մայրն է։
Ներկայումս զույգը բնակվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, որտեղ Ռոնալդուն հանդես է գալիս «Ալ-Նասր» ակումբում։ Բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Փիրս Մորգանը և Շարլոտ Թիլբերին, արդեն շնորհավորել են զույգին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ։