Ասում են՝ ճիշտ ձևակերպված հարցն արդեն իսկ պատասխան է։ Մենք հաճախ ենք վազում պատասխանների հետևից՝ մոռանալով կանգ առնել ու մեզ տալ ամենակարևոր հարցերը։ Այս ցանկում չկան ճիշտ կամ սխալ պատասխաններ, բայց կա հնարավորություն՝ տեսնելու ձեր կյանքն այնտեղից, որտեղ դեռ չեք եղել։
Ժամանակի և տարիքի մասին
-
Քանի՞ տարեկան կտայիք ձեզ, եթե չիմանայիք ձեր իրական տարիքը։
-
Եթե կյանքի միջին տևողությունը լիներ 40 տարի, ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում այն առավելագույնս հետաքրքիր ապրելու համար։
-
Եթե կյանքն այնքան կարճ է, ինչո՞ւ ենք մենք այդքան շատ անում այն, ինչ չենք սիրում, և այդքան քիչ՝ այն, ինչ սիրում ենք։
-
Երբ ամեն ինչ ասված ու արված է, ի՞նչն է լինելու ավելի շատ՝ ձեր խոսքե՞րը, թե՞ գործերը։
-
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք սաստիկ վրդովված 5 տարի առաջ։ Հիմա դա որևէ նշանակություն ունի՞։
-
Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։
-
Եթե դեռ չեք հասել ձեր նպատակին, ի՞նչ ունեք կորցնելու։
-
Երբևէ եղե՞լ է այնպես, որ ինչ-որ մեկի հետ լուռ նստած լինեք, բայց հետո զգաք, որ դա ձեր կյանքի լավագույն զրույցն էր։
-
Ո՞րն է ձեր մանկության ամենաերջանիկ հիշողությունը։ Ինչո՞ւ է այն այդպիսին։
-
Վերջին 5 տարիների յուրաքանչյուր օրվա համար կարո՞ղ եք հիշել, թե ինչ էիք անում երեկ, երեկ չէ առաջին օրը…
Երջանկության և գործի մասին
-
Եթե երջանկությունը դառնար ազգային արժույթ, ո՞ր աշխատանքը ձեզ կհարստացներ։
-
Դուք անում եք այն, ինչին հավատո՞ւմ եք, թե՞ փորձում եք հավատալ նրան, ինչ անում եք։
-
Եթե ձեզ հիմա տային մեկ միլիոն դոլար, կթողնեի՞ք ձեր աշխատանքը։
-
Ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր՝ անել իրերը ճի՞շտ, թե՞ անել ճիշտ իրեր։
-
Ո՞րն է տարբերությունը «ապրելու» և «գոյատևելու» միջև։
-
Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ այն, ինչ ձեզ երջանկացնում է, չի երջանկացնում մնացած բոլորին։
-
Ի՞նչ կնախընտրեիք՝ ունենալ շատ աշխատանք, որը պետք է արվի, թե՞ քիչ աշխատանք, բայց այնպիսին, որը դուք սիրում եք։
-
Եթե իմանայիք, որ ոչ ոք ձեզ չի դատի, ի՞նչ կանեիք այլ կերպ։
-
Ի՞նչ եք դուք անում այս կյանքում այլ կերպ, քան մնացած մարդիկ։
-
Դուք սեղմո՞ւմ եք վերելակի կանչի կոճակը մեկից ավելի անգամ։ Իսկապես հավատո՞ւմ եք, որ դա կարագացնի վերելակը։
Վախի և ռիսկի մասին
-
Ո՞րն է ավելի վատ՝ ձախողվե՞լ, թե՞ այդպես էլ չփորձել։
-
Կարո՞ղ էիք խախտել օրենքը սիրելի մարդուն փրկելու համար։
-
Ինչո՞ւ ենք մենք վախենում սխալներ գործել, եթե հենց դրանց վրա ենք սովորում։
-
Ձեր ամենամեծ վախն արդեն իրականացե՞լ է։
-
Ե՞րբ է վերջապես գալու ժամանակը ռիսկի դիմելու և անելու այն, ինչ համարում եք ճիշտ։
-
Ի՞նչն է ձեզ կանգնեցնում անել այն, ինչ վաղուց ուզում եք անել։
-
Դուք կառչա՞ծ եք մի բանից, ինչը վաղուց ժամանակն է բաց թողնելու։
-
Կփոխանակեի՞ք ձեր կյանքի 10 տարին համաշխարհային փառքի և գրավչության հետ։
-
Հնարավո՞ր է արդյոք հասնել ճշմարտությանն առանց պայքարի։
-
Տեսե՞լ եք խենթություն այնտեղ, որտեղ հետո տեսել եք հանճարեղություն։
Ինքնության և աշխարհի մասին
-
Եթե թույլ տային փոխել միայն մեկ բան աշխարհում, ո՞րը կլիներ դա։
-
Որքանո՞վ եք վերահսկում այն, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում։
-
Դուք ճաշում եք երեք հարգված մարդկանց հետ։ Նրանք սկսում են անհիմն ու ստորացուցիչ ձևով քննադատել ձեր մտերիմ ընկերոջը՝ չիմանալով ձեր կապի մասին։ Ի՞նչ կանեք դուք։
-
Եթե կարողանայիք փոքրիկ երեխայի տալ միայն մեկ խորհուրդ ամբողջ կյանքի համար, ի՞նչ կասեիք։
-
Ինչո՞ւ եք դուք՝ հենց դուք։
-
Եթե կարողանայիք ընկերանալ ինքներդ ձեզ հետ, կցանկանայի՞ք ունենալ նման ընկեր։
-
Ինչո՞ւ է սիրո մասին քարոզող կրոնը դարձել այդքան շատ պատերազմների պատճառ։
-
Հնարավո՞ր է առանց կասկածի նշույլի իմանալ՝ ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ։
-
Ի՞նչ կընտրեիք՝ կորցնել բոլոր անցյալի հիշողությունները, թե՞ երբեք չունենալ նորերը։
-
Ո՞րն է ավելի վատ. երբ լավագույն ընկերը տեղափոխվում է այլ երկիր, թե՞ երբ նա ապրում է կողքիդ, բայց դուք դադարել եք շփվել։
Ներաշխարհի և էմոցիաների մասին
-
Ո՞վ կնախընտրեիք լինել՝ նյարդային հանճա՞ր, թե՞ երջանիկ հիմար։
-
Ինչի՞ համար եք ամենաշատը երախտապարտ այս կյանքում։
-
Ունենո՞ւմ եք զգացողություն, որ այսօրվա օրն արդեն հարյուրավոր անգամներ կրկնվել է նախկինում։
-
Ե՞րբ եք վերջին անգամ ակտիվ գործել՝ ունենալով միայն գաղափարի սաղմը, բայց արդեն սաստիկ հավատալով դրան։
-
Եթե ձեր բոլոր ծանոթները վաղը մահանային, ո՞ւմ կայցելեիք այսօր։
-
Ե՞րբ եք վերջին անգամ նկատել ձեր սեփական շնչառության ձայնը։ Իսկ սրտի բաբախյո՞ւնը։
-
Ի՞նչ եք դուք սիրում։ Արդյո՞ք ձեր վերջին գործողություններն արտահայտել են այդ սերը։
-
Ո՞ր իրադարձություններն են ձեր անցյալից ստիպել ձեզ զգալ իսկական ու կենդանի։
-
Եթե առաջարկեին ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր, ո՞ւր կգնայիք և ինչո՞ւ։
-
Որոշումները կայացվում են այստեղ և հիմա։ Դո՞ւք եք դրանք կայացնում, թե՞ ինչ-որ մեկը կայացնում է ձեր փոխարեն։
Ո՞ր հարցը ձեզ ստիպեց ամենաերկարը մտածել։