«Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, և ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երևանի քաղաքապետի թեկնածուն:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձևավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ և առավել ևս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է:
Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հաճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճահարույց, Երևանի՝ ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապետի արտահերթ ընտրություն է, հույժ կարևոր է խարիգմատիկ թեկնածուի ներկայացումը:
Իհարկե, ինքնին բավարար կլինի թերևս Նիկոլ Փաշինյանի անձնական աջակցությունն այդ թեկնածուին, և նրա օգտին քվեարկելու կոչը կարող է բավարար լինել հաղթանակի համար, առավել ևս, որ կարծես թե չկան նաև ուժեղ մրցակիցներ: Սակայն տվյալ պարագայում խոսքը հանրապետության մայրաքաղաքի մասին է, որն ընդգրկում է Հայաստանի բնակչության կեսը և գուցե ավելին, և նույնը նաև կառավարվող ռեսուրսների մասով: Ըստ այդմ՝ այստեղ զուտ «նշանակման» հարց չէ, և ոչ էլ ուղղակի նոմինալ հաղթանակի:
Այստեղ երևանցիներին առաջնորդելու հարց է, որովհետև մեծ քաղաքի քաղաքապետը, հատկապես հաշվի առնելով հայաստանյան ու երևանյան իրողությունները, պետք է լինի քաղաքացիների առաջնորդը: Որովհետև քաղաքի խնդիրներն այնպիսին են, նաև իրենց արմատներով, որ պահանջում են հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը կարող է անել խարիզմատիկ առաջնորդն իր գաղափարներով: Այն, ինչ, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը համապետական մասշտաբում: Դա, իհարկե, ներառում է նաև Երևանը, սակայն մյուս կողմից՝ քաղաքի մասշտաբային առանձնահատկությունը թելադրում է իր որոշակի անհրաժեշտությունները, ներառյալ և այն, որ քաղաքի արտահերթ ընտրությունն այդ իմաստով լավ հնարավորություն է խարիզմայի և առաջնորդության կարևոր խնդիրը որոշակիորեն թեթևացնել Նիկոլ Փաշինյանի համար՝ մի մասը տեղափոխելով Երևանի քաղաքապետի վրա: Եվ ոչ թե էլ ավելի ծանրացնելով վարչապետի ուսերը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: