Գլխավոր Դեսից-դենից Ինչպե՞ս արթնանալ առանց «տառապանքի». Գիտակից մոտեցում քնին

Ինչպե՞ս արթնանալ առանց «տառապանքի». Գիտակից մոտեցում քնին

0
93

Երրորդ զարթուցիչն է զնգում, բայց դուք դեռ չեք կարողանում բացել աչքերը։ Սուրճն արդեն չի օգնում, իսկ միակ երազանքը տաք վերմակի տակ վերադառնալն է։ Ծանո՞թ իրավիճակ է։

Խնդիրը ոչ թե ձեր կամքի ուժի բացակայությունն է, այլ սուպրաքիազմատիկ կորիզը։ Սա մեր ուղեղի այն փոքրիկ հատվածն է, որն աշխատում է որպես օրգանիզմի «գլխավոր ժամացույց»։ Այն աչքի ցանցաթաղանթի միջոցով ընկալում է լույսը և հրահանգներ արձակում մարմնին՝ բարձրացնել ջերմաստիճանը, ակտիվացնել սիրտ-անոթային համակարգը կամ հակառակը՝ դանդաղեցնել բոլոր գործընթացները և սկսել վերականգնումը։

Այս «ժամացույցն» ունի երեք գլխավոր օգնական, որոնք գործում են խիստ գրաֆիկով.

Կորտիզոլ. Արտադրվում է արթնանալուց 30–45 րոպե անց։ Այն մեզ հաղորդում է մտքի պարզություն և էներգիա։

Մելատոնին. Պիկին է հասնում բացարձակ մթության մեջ՝ ժամը 23:00-ից մինչև 02:00-ն։ Սա մեր բջիջների գլխավոր «վերանորոգողն» է։

Սոմատոտրոպին (աճի հորմոն). Արտադրվում է խորը քնի փուլում։ Այն պատասխանատու է երիտասարդության, ռեգեներացիայի և ճարպերի այրման համար։

Ովքե՞ր են առավոտյան թարմության թշնամիները


Էկրանների կապույտ լույսը, ուշ ժամի մարզումները, ծանր ընթրիքը և 5 ժամից պակաս քունը քայքայում են այս բնական ռիթմը։

Որպեսզի առավոտը սկսվի ոչ թե հերոսական ճիգերով, այլ թեթևությամբ, առաջարկում ենք հետևել այս պարզ քայլերին.

✅ Քնից 3 ժամ առաջ՝ Հավասարակշռված ընթրիք։ Սպիտակուցներ + առողջ ճարպեր + բարդ ածխաջրեր (բանջարեղեն, ընկուզեղեն, լոբազգիներ)։ Խուսափեք քաղցրավենիքից և սպիտակ բրնձից։

✅ Քնից 2 ժամ առաջ՝ Մեղմացրեք լույսերը և հեռացրեք էկրանները։ Եթե համակարգչով աշխատանքն անխուսափելի է, օգտագործեք հատուկ blue-blocker ակնոցներ։

✅ Քնից 1 ժամ առաջ՝ Ընդունեք տաք լոգանք (ցանկալի է՝ Էպսոմ աղով), զբաղվեք մեդիտացիայով կամ թղթին հանձնեք օրվա երախտագիտության խոսքերը։ Սա կօգնի «բեռնաթափել» ուղեղը։

✅ Անմիջապես քնելուց առաջ՝ Օդափոխեք սենյակը, օգտագործեք քնի դիմակ ՝ կատարյալ լռություն և մթություն ապահովելու համար։

✅ Արթնանալիս՝ Միանգամից միացրեք վառ լույսը, առաջին մեկ ժամվա ընթացքում հրաժարվեք սուրճից և տվեք մարմնին 10 րոպեանոց թեթև ֆիզիկական ակտիվություն։

Իսկ դուք ինչպե՞ս եք արթնանում. արևի առաջին շողերի՞ հետ, թե՞ սիրում եք երկար մնալ անկողնում։ Ունե՞ք վաղ արթնանալու կարիք կամ ցանկություն։