Գլխավոր Քաղաքական Փաշինյանը կոպտորեն խախտում է Սահմանադրությունը. Ռոբերտ Քոչարյան

Փաշինյանը կոպտորեն խախտում է Սահմանադրությունը. Ռոբերտ Քոչարյան

0
1695

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար զարմանալի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Այս մասին Քոչարյանն ասել է Yerevan.Today-ին տված հարցազրույցում։

«Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի վրա: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը:

Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան, և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի արտյաններում, մոնիտորինգային խմբում»,– ասել է Քոչարյանը։