Գլխավոր Լուրեր Պատահարներ Մանրամասներ Հրազդանում բնակելի տան պայթյունից. հայտնաբերվել է ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով

Մանրամասներ Հրազդանում բնակելի տան պայթյունից. հայտնաբերվել է ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով

0
1465

Հայաստանի ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սեպտեմբերի 16-ին բնակելի տան պայթյունի վերաբերյալ:

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի 1-ին բնակարանում (սեփականատեր՝ Զ. Հ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել են բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել են դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել է թիվ 1 եւ թիվ 2 բնակարանների բաժանարար պատը (մոտ 20 քմ), վնասվել են թիվ 3 բնակարանի դրսի՝ 1 եւ ներսենյակային 2 դուռ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ շենքից տարահանել մոտ 30 բնակիչ:

Ինժեներական տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական եւ 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար:

Հայտնաբերված սարքը վնասազերծվել եւ հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:

Կինոլոգները բնակարանում եւ շենքի նկուղում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ պայթուցիկ սարք կամ նյութեր չեն հայտնաբերվել: