ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:
Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դեմ պայքարում:
Խստորեն դատապարտելով կատարվածը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»: