«Անկախ նրանից, որ Սեդրակ Քոչարյանի կողմից չեն ցանկանում այս պահին մանրամասնել հայցերի բովանդակությունը, մենք պարզեցինք, թե Վանեցյանի և Պապյանի կոնկրետ որ արտահայտությունները կամ հայտարարություններն են դատական հայցի առիթ տվել: ԱԱԾ տնօրենի դեպքում խոսքը, ըստ նախնական տեղեկությունների, նրա և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում հնչեցված այն միտքն էր, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: Իսկ Արա Պապյանի դեպքում դատական հայցի առիթ է հանդիսացել օգոստոսի 17-ին «Lragir.am» կայքին տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը. Պապյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վարած սխալ տնտեսական քաղաքականության մասին, ասում է. «Միգուցե, եթե այդ քաղաքականությունը ճիշտ լիներ, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 8 անգամ, այլ 18-20 անգամ զարգանար:
Ես՝ ինքս, բավականին շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ՝ Մոսկվայից եկած ներդրողներին, ուղղակի ֆիզիկապես ծեծելով՝ ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի՝ անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»:
Այս դատական հայցերը Սեդրակ Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին: Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր դեմ դատական հայցից երեք օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, «Հրապարակին» տված հարցազրույցում, որը լույս է տեսել սեպտեմբերի 21-ի համարում, հատուկ անդրադարձել էր թեմային. «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել, մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշում եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում): Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում են կատարված»:
Ընդ որում, նա այս ճշտումն արեց՝ անկախ մեր հարցից, ուղղակի այդ պահին հիշեց և որոշեց առիթն օգտագործել ու ճշգրտել իր խոսքերը: Թերևս նա արդեն տեղյակ էր, որ իր դեմ նման դատական հայց է նախապատրաստվում կամ «սիրտն էր վկայում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: