Գլխավոր Իրավական Լեւոն Երանոսյանը բողոքի ցույցերին, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա»...

Լեւոն Երանոսյանը բողոքի ցույցերին, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

0
1133

Լևոն Երանոսյանն ապրիլի 16-ին, 22-ին բողոքի ցույցերին, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն:

Հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լեւոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում եւ դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետեւանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լեւոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից եւս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: