Գլխավոր Քաղաքական ՄԱԿ-ում սիրո և համերաշխության մասին խոսելն առավել քան զվարճալի էր՝ հաշվի առնելով...

ՄԱԿ-ում սիրո և համերաշխության մասին խոսելն առավել քան զվարճալի էր՝ հաշվի առնելով ասֆալտին պառկեցնելու և պատերին ծեփելու կոչերը. Շարմազանովը՝ Փաշինյանի ելույթի մասին

4196
0

Tert.am-ը գրում է․

Եթե արտաքին քաղաքական ու, մասնավորապես Արցախի ինքնորոշման պաշտպանության և Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության քննադատության հարցում համամիտ եմ Փաշինյանի հետ, ապա ներքաղաքական կյանքի և զարգացումների հետ, մեղմ ասած, համամիտ չեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին :

«ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Փաշինյանը Հայաստանի նախկին իշխանություններին ո՛չ ավել, ո՛չ պակաս անվանեց ավտորիտար ռեժիմ: Դա շատ տարօրինակ է: Բա մեկը չկա՞ր՝ ասեր՝ պարո՛ն, այդ ավտորիտար ռեժիմի կառուցման շրջանում Դուք և Ձեր կողմնակիցները ԱԺ պատգամավոր եք ընտրվել: Ինչպե՞ս եք ընտրվել: Ինչպե՞ս է ավտորիտար ռեժիմը թույլ տվել Ձեր ընտրվելը»,-ընդգծեց Է. Շարմազանովը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ նյույորքյան ելույթի մասին, որտեղ նա հայտարարում է կրկին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պիտի լինեն՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Երևանի բնակչության 57 տոկոսը Ձեր նախաձեռնությանը ասաց ո՛չ՝ չմասնակցելով այդ ընտրությանը: Իսկ սիրո և համերաշխության մասին խոսելը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առավել քան զվարճալի էր՝ հաշվի առնելով Ձեր կոչերը՝ խելքները գլուխները հավաքելու, ԱԱԾ-ով սպառնալու, ասֆալտին պառկեցնելու և պատերին «ծեփելու» կոչերի ֆոնին»:

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանի երկլեզու ելույթն իսկապես տպավորիչ էր. «Արցախի շահերի պաշտպանության հետ մեկտեղ տպավորիչ էր երկու լեզվով ելույթը, բայց կրկնակի զվարճալի էր սիրո և համերաշխության գաղափարի խեղաթյուրումը՝ այդ բարձր ամբիոնից, հետևաբար թե՛ նախկին ավտորիտարիզմից խոսելը և թե՛ պնդումները ներկա համերաշխության ու ժողովրդավարության մասին ավելի շատ զվարճալի են, քան տպավորիչ»: