Գլխավոր Լուրեր Մամուլ Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի...

Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին

1984
0

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, նրա կողմից ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակ Ջոն Թորնհիլը, ով Financial Times-ի խմբագիրներից է, նշում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այն գործիչներից է, ով զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։

«Պարոն Սարգսյանն ուսումնասիրել է այս ֆենոմենը գործնականում և թեորետիկորեն։ Մարտին նախագահ ընտրվելուց հետո նա փորձեց հանգստացնել Հայաստանում տիրող քաղաքական իրարանցումը։ Նա նաև այն փոքրաթիվ պետությունների գլուխներից է, ով ֆիզիկոս է։ 65-ամյա նախագահը դեռևս խորհրդային շրջանում արժանացել է մրցանակների գիտության ոլորտում, Քեմբրիջի համալսարանում եղել է երջանկահիշատակ Սթիվեն Հոքինգի գործընկերը։ Ի թիվս այս ամենի, նա նաև «Տետրիս» խաղի գյուտարարներից է»,- ՀՀ նախագահի մասին գրում է Financial Times-ը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ավանդական քաղաքականության մեկնաբանությունը պետք է թարմացվի՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկան է վերաիմաստավորվել։ Եթե պոստ-նյուտոնյան աշխարհը գծային էր, կանխատեսելի և անգամ դետերմինացված, ապա քվանտային աշխարհը շատ անորոշ է, փոխկապակցված և կարող է փոխվել՝ կախված ուսումնասիրողի դիրքերից։

«Մեր կյանքում շատ բաներ ունեն քվանտային վարք։ Մենք դինամիկ փոփոխությունների միջով ենք ապրում։ Կարծում եմ՝ պետք է մեր աշխարհին նայենք ամբողջովին այլ ձևով»,- Financial Times-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահը։

Արմեն Սարգսյանը բացատրել է, որ այն, թե ինչպես է համաճարակը տարածվում, երբ մի դեպք գրանցվում է Հոնկոնգում, իսկ երկրորդն արդեն Արգենտինայում, ցույց է տալիս տվյալ երևույթի քվանտային բնույթը։ Նույնն է նաև ահաբեկչական հարձակումների պարագայում, քանի որ առաջին բռնությունները հետագայում ողջ աշխարհում առաջացնում են անկանխատեսելի հետևանքներ։

Թորնհիլը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը լավագույն օրինակն են նրա, թե ինչպես է քվանտային քաղաքականությունն աշխատում գործնականում։Նա պատմում է, թե ինչպես Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցրել էր արդեն երկրի վարչապետի պաշտոնը, ստիպված եղավ հրաժարական տալ։ Ընդ որում, ցուցարարների մեծ մասը ոչ թե կազմակերպված ընդդիմության անդամների էին, այլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մոբիլիզացված անձինք։ Հեղինակը նշում է, որ այդ իրադարձություններից անմասն չմնաց նաև հայկական տասը միլիոնանոց սփյուռքը, որն արտասահմանից մեծ ակտիվություն էր ցուցաբերում սոցցանցերում։

Մանրամսն կարդացեք աղբյուր կայքում։

Նոր տեսանյութ.