Գլխավոր Լուրեր Երիտասարդ ընտանիքներին բնակարաններ տրամադրելու, սահմանապահ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման հետ կապված որոշումներ են...

Երիտասարդ ընտանիքներին բնակարաններ տրամադրելու, սահմանապահ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման հետ կապված որոշումներ են կայացվել. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

0
1325

Կառավարությունը երկու կարևոր որոշում է կայացրել: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես ներկայացրեց՝ առաջին որոշումը, որի մասին ցանկանում է պարզաբանել՝ երիտասարդ ընտանիքներին արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու համար հիփոթեքային վարկեր տրամադրելու մասին է:

Նա նշեց, որ հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, նշյալ ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 65-ը։ Ըստ Փաշինյանի՝ այժմ տարիքային այդ շեմը կբարձրացվի մինչև 70-ի։

Ըստ վարչապետի՝ այս փոփոխություններով իրենք առաջարկում են նվազեցնել վարկերի տոկոսադրույքը մինչև 9.5 տոկոս։ Դա նշանակում է, որ ծրագրի շահառուները կկարողանան տարեկան 5.5 տոկոս տոկոսադրույքով վարկեր ստանալ մարզերում և 7.5 տոկոսով` Երևանում։

«Իմ նշածը նվազագույն չափն է: Բայց մրցակցային պայմաններում, հնարավոր է, բանկերն ավելի իջեցնեն տոկոսը»,- ասաց նա:

Վարչապետը նաև նշեց, որ փոփոխությունների շնորհիվ հիմա փոխվել է բնակարանի կանխավճարը մուծելու ձևը․ նախկինում վճարվում էր գնվող բնակարանի արժեքի 30 տոկոսը, իսկ փոփոխությունների շնորհիվ շահառուները կկարողանան վճարել 10 տոկոսը կանխիկ` նախավճարի մնացած մասի համար ստանալով ապահովագրական երաշխիք։
Նրա խոսքով, միաժամանակ, նախատեսված է, որ նորակառույց շենքում բնակարան գնելու նվազագույն արժեքը կարող է հասնել 30 մլն դրամի, իսկ երկրորդային բնակարանի գնման դեպքում` 25 մլն դրամի։

Վարչապետը նաև մատնանշեց, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող մարդկանց համար կգործեն անտոկոս վարկեր, քանի որ վճարվելու է հարկերից: «Հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք միջինից բարձր աշխատավարձ են ստանում, այս հնարավորությունից կօգտվեն»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ինքը գիտի, որ շատերն աշխատանք չունեն, կամ աշխատավարձն է ցածր, բայց իրենք փոփոխություններով փորձում են լուծել նաև աշխատանքի հարցը, խրախուսել աշխատանքը:

Հաջորդ որոշումը, որ կայացվել է, ինչպես ներկայացրեց վարչապետը, վերաբերում է սահմանապահ համայնքներում աշնանացանի սուբսիդավորմանը:

Նա նշեց, որ ծրագիրը վերաբերում է սահմանապահ մի շարք համայնքներին: Մատնանշեց դրանց անունները՝ Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Ոսկեվան, Չորաթան, Արծվաբերդ, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բարեկամավան, Այգեձոր և այլն:

«Այն գյուղացիները, ովքեր կիրականացնեն աշնանացան, խոսքը ցորենի, գարու և կերային մշակաբույսերի աշնանացանի մասին է, այս մշակաբույսերի 1 հա իրականացրած ցանքի համար կստանան 60 000 դրամ սուբսիդիա՝ որպես աջակցություն: Ընդ որում 1-7 հա կատարված ցանքի մասին է խոսքը: Համայնքների հողատարածքներից կիրականացնեն աշնանացան, 1 հա համար կստանան աջակցություն»,- ասաց նա՝ հավելելով. «Սա մեր քաղաքականության շրջանակներում է, երբ ասում ենք, որ պետք է քաջալերենք աշխատանքը ՀՀ-ում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվում են բարեփոխումներ նաև այլ ոլորտներում, ծրագրում են կրճատել ծառայողական մեքենաների թիվը, բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, բարեփոխումներ անել ոստիկանության, պետավտոտեսչության և այլ ոլորտներում:

«Մենք քայլ-քայլ, շատ կոնկրետ պետք է առաջ գնանք: Մեր նպատակը պետք է լինի ՀՀ-ը արդյունաբերական երկիր դարձնելը և պետական կառավարման մակարդակը բարձրացնելը»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ Հեղափոխությունն արեցին ոչ թե քաղաքական առաջնորդները, այլ արեց ժողովուրդը: «Մեր դերակատարումն այն է, որ ստեղծենք դաշտ՝ այդ հեղափոխությունն անելու: Նույնը մենք ցանկանում ենք անել տնտեսության մեջ: Մենք պետք է ստեղծենք բոլորի համար հավասար պայմաններ, որ իրենց հնարավորությունների, իրենց տաղանդի շրջանակներում իրականացնեն իրենց ծրագրերը,- ասաց նա՝ նշելով, որ այս համատեքստում է կարևորում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,-Ես այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ աշխատանքային քննարկումներ կունենամ, հետո կանցնեմ պաշտոնականի, չնայած դրանց մեջ տարբերություն չկա, որովհետև գիտենք, թե ինչի մասին է լինելու: Քննարկելու ենք, թե ինչպես, ինչ կարգով շուտափույթ դիմենք խորհրդարանական ընտրությունների»:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ քննարկումները դրական արդյունք կունենան, իսկ եթե ոչ, ապա ստիպված քաղաքացիները պետք է պայքարեն դրա համար: