Գլխավոր Պաշտոնական Արմեն Սարգսյանը ստորագրել է 3 նախարարների նշանակման հրամանագրերը

Արմեն Սարգսյանը ստորագրել է 3 նախարարների նշանակման հրամանագրերը

3212
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնցով նոր նախարարներ է նշանակել:

Այսպես, հրամանագրերից մեկով՝ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններին կողմ քվեարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարների ու մարզպետների պաշտոններից ազատելու մասին:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնն զբաղեցնում էր ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը, ՏԿՏՏ-ը՝ ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը, իսկ ԱԻՆ-ը՝ ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը:

Ներկայացնում ենք նախարարների կենսագրական տվյալները:

Գարեգին Բաղրամյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1977թ., 22 հուլիս, ք. Երևան

Կրթություն

1984-1994թթ.-Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց,

1994-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր,

1996-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունք,

1998-2000թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագիտության մագիստրոս,

2000-2002թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ասպիրանտուրա), Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագետ-հետազոտող:

Աշխատանքային գործունեություն

1999-2002թթ.-ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, տեխնիկական փորձաքննության վարչություն, սակագնային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի, առաջատար մասնագետ,

2002-2003թթ.-ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ,

2003-2004թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ,

2004-2011թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ,

2011-2018թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության պետ,

2016թ. սեպտեմբերի 1-ից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, դասախոս,

2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:

2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Պարգևներ

ՀՀ նախագահի 2015թ. հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

ԼՂՀ վարչապետի 2017թ. որոշմամբ պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով:

Հակոբ Արշակյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1985թ. ապրիլի 16, ք. Երևան

Կրթություն

2005 – 2009 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):

2009 – 2011 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):

Աշխատանքային գործունեություն

2008 – 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:

2010 – 2012 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):

2012 – 2017 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):

2018 թ. հունվար – մայիս – «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:

Այլ տվյալներ

2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2014թ. – «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:

Կուսակցական պատկանելություն

2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Ֆելիքս Ցոլակյան

Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտ ներկայացնելու մասին:

Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում:

1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

1974-1976թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի ուսուցիչ:

1976-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար:

1980-1985թթ.՝ ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, 1985-1991թթ.՝ Եղեգնաձորի բաժանմունքի պետ: 1991-1992թթ.՝ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

1993-1996թթ.՝ Ազգային անվտանգության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.՝ Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999թթ.՝ Երևանի քաղաքային վարչության պետ:

1999-2002թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, 2002-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար:

2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ:

2007թ.՝ ՀՀ նախագահի խորհրդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: