Գլխավոր Տնտեսական ԱԺ-ն ընդունեց աշխատանքային օրերը տեղափոխելու հետ կապված օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց աշխատանքային օրերը տեղափոխելու հետ կապված օրինագիծը

0
2018

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մասնավորապես, հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը եւ անհրաժեշտ է լինելու, որ երկու օր (հոկտեմբերի 11-12-ին) ոչ աշխատանքային հայտարարվի: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել հիշյալ օրենքում:

Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

Սույն կարգավորմամբ կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես ՀՀ տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն գործնականում առաջանում եմ նաեւ այլ դեպքերում եւս աշխատանքային օրերի տեղափոխման օբյեկտիվ անհրաժեշտություն:

Մանավորապես, նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարեւորագույն միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ:

Վերջիններիս անվտանգությունը եւ պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթեւեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով:

Դա հաշվի առնելով, օրենքում ավելացվում է պարբերություն, որ ոչ միայն տոների ու հիշատակի օրերի հետ կապված, այլեւ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ, կառավարությունը կարող է տեղափոխել աշխատանքային օրերը: