Գլխավոր Իրավական Հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» դին. նախնական տվյալներով՝...

Հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» դին. նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել

1755
0

Այսօր Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին։

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել դեպքի, դեպքի վայրում հայտնված զենքի և այլ մանրամասների մասին։

Էդգար Ջանոյանը մասնավորապես գրել է.

«Այսօր Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։

Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է»։

Հ. Ղարագյոզյանը կասկածվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» սպանության և մեկ հոգու էլ հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել էր, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։