Գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են՝ ասել է վարչապետ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովը։
Նա նկատել է, որ դա անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, որը ծառայել է մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը։
Փաշինյանը արձանագրել է, որ Գագաթնաժողովն անցել է շատ բարձր մակարդակով եւ շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ այլ կազմակերպիչների։
Նա նկատել է, որ Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացրել են դեռ 2016 թ–ին. «Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Հատուկ շնորհակալություն Էդուարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար»,–ասել է վարչապետը։
Նա ընդգծել է նաեւ Ոստիկանության եւ ԱԱԾ–ի արդյունավետ ծառայությունը։
Վարչապետը չի մոռացել նաեւ շնորհակալություն հայտնել ֆրանսերենի իր դասախոսին եւ խոստացել շարունակել ֆրանսերենի, անգլերենի եւ ռուսերենի ուսումնառությունը։
«Հենց հիմա սկսվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը տեղի է ունենալու այսօր եւ վաղը։ Կանադայի վարչապետի հետ հասցրել ենք շփվել եւ այս պաշտոնական այցը շատ կարեւոր ավարտական ակորդ կլինի»,–նշել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել նաեւ ժողովրդին. «Մեր երկրում ամենատպավորիչը մարդիկ են, նրանց հյուրասիրությունը, ջերմությունը շատ կարեւոր է»։