Գլխավոր Իրավական Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով նյութեր են նախապատրաստվում....

Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

0
1249

Շաբաթ օրը Հայաստան-Ջիբրալթար ազգային հավաքականների խաղից հետո երկրպագուների միջև հրմշտոցի և քաշքշուկի փաստի առթիվ գրանցված միջադեպով բերման ենթարկվածներ չկան, թեև այդ փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով. «Ոստիկանություն ժամը 22:00-ին ահազանգ էր ստացվել, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում հրմշտոց և քաշքշուկ է սկսվել առանձին երկրպագուների միջև, ինչը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի FAF ֆան-շարժումը երեկ հանդես է եկել Հայաստան-Ջիբրալթար հանդիպումից հետո բախումների վերաբերյալ հայտարարությամբ, որում ասված է, որ ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել։ «Խաղի վերջնամասում Red Eagles ֆան ակումբի սեկցիայում ֆան-ակումբի անդամի կողմից բացվել է Ջիբրալթարի ազգային դրոշը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա, որ մրցակցի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հաղթանակը սկսել են տոնել մեր մարզադաշտի ֆանատական զոնային մոտ։

Համարելով անարգանք թե՛ ֆուտբոլասերների, թե՛ ֆուտբոլիստների նկատմամբ՝ Առաջին Հայկական Ճակատ (FAF) ֆան ակումբի անդամները հորդորել են հեռացնել այն Հայաստանի հավաքականի երկրպագուների սեկցիայից։ Մերժում ստանալով՝ հեռացրել են այն սեփական ուժերով»,-պարզաբանել էին FAF-ից: