«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին, և Հայաստանը թևակոխեց, այսպես ասած, ժամանակավոր կառավարման շրջան, խորհրդարանի երկշաբաթյա լուծարման փուլ, որը, խոշոր հաշվով, պահվում է, այսպես ասած, քաղաքական համաձայնությունների վրա: Մյուս կողմից՝ քաղաքական համաձայնություններն էլ, իրենց հերթին, պահվում են հասարակության այն վստահության քվեի վրա, որ ունի Նիկոլ Փաշինյանը: Կամ այլ կերպ ասած՝ այդ քաղաքական համաձայնությունը պահվում է թավշյա հեղափոխության փաստի վրա, որն էլ ուղղակի այլընտրանք չի թողել քաղաքական ուժերին, քան համաձայնել դեկտեմբերին արտահերթ ընտրություն անելու հանրային օրակարգին:
Այս իրավիճակում դարձյալ հրատապ են հնարավոր ռիսկերն ու վտանգները, որոնց մասին խոսվում է նախկին համակարգի, այսպես ասած, ռևանշի կամ հակահեղափոխության առումով:
Սակայն դարձյալ պետք է վերադառնանք ելման կետ, այսինքն՝ թավշյա հեղափոխության կայացման փաստին: Եթե այդ փաստը կա, ապա ռիսկերն ու վտանգները, ըստ էության, ենթակա են այդ փաստին, և ոչ թե հակառակը:
Իսկ արդյո՞ք թավշյա հեղափոխության փաստը կախված էր կամ ենթակա էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից: Դարձյալ պետք է պարզ նայենք իրողությունների և դեպքերի հաջորդականությանը: Նիկոլ Փաշինյանն է թավշյա հեղափոխության արդյունքում դարձել վարչապետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքում է տեղի ունեցել թավշյա հեղափոխությունը: Իսկ ներկայումս, թեև Փաշինյանը հրաժարական է ներկայացնում, սակայն պահպանում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը, այսինքն՝ թեկուզ այդ կարգավիճակով, սակայն կառավարման համակարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:
Սակայն, այս ամենով հանդերձ, գլխավորը դարձյալ այն է, որ գործնականում ամեն ինչ ենթարկվում է թավշյա հեղափոխության տրամաբանությանը և գոյությանը: Եվ հենց դրա համար էր նաև, որ անհրաժեշտ էր գործընթացն իրականացնել հնարավորինս շուտ, քանի որ մայիս-հունիսին բավական բարդ է կանխատեսել, թե ինչ տրանսֆորմացիաների ենթարկված կլիներ իրավիճակը ամենատարբեր գործոնների բերումով, արդյունքում դժվար է ասել, թե մենք ինչպիսի հեղափոխական երաշխիք կունենայինք: Եվ այդժամ առաջանում էին արտահերթ ընտրությունը հենց հեղափոխության արդյունքին համահունչ ապահովելու մեծ վտանգներ և ռիսկեր:
Միով բանիվ, չունենք և չենք կարող ունենալ 100 տոկոս երաշխավորված իրավիճակ, երբեք, և այս մասին, իհարկե, շատ ենք խոսել: Սակայն միաժամանակ նաև պետք է նկատել, որ այս իրավիճակը թերևս ամենաերաշխավորվածն է, եթե դիտարկենք բոլոր հնարավոր ներքին ու արտաքին բաղադրիչների ամբողջության համադրության ու այսպես ասած՝ ներդաշնակության մեջ: Ըստ էության, Հայաստանն ավարտում է թավշյա հեղափոխությունը: Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը սպառվելու տարբերակից գերադասվում է հեղափոխությունն ավարտելու տարբերակը, կիսատ չթողնելու տարբերակը: Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, բնականաբար՝ արդեն իր ռազմավարական, խորքային ռիսկերով և բնականաբար՝ ահռելի հնարավորություններով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: