Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելն անդրադարձավ արտահերթ ընտրություններին:
Նա նկատեց, որ քաղաքական իրավիճակները տրամադրությունների ու աշխատանքի վրա որոշակի ազդեցություն ունենում են:
«Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում Կառավարությունն աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, այլ, ընդհակառակը. որովհետև, այո, նախընտրական փուլ ենք թևակոխելու, բայց, մյուս կողմից, ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել առավել արդյունավետ մակարդակի հասցնելու համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական շրջանում:
«Լավ ժամանակաշրջան է աշխատելու համար առավել հանգիստ պայմաններում և հույս ունեմ պետական կառավարման համակարգի այն հատվածը, որը քաղաքականացված չէ, այս ժամանակահատվածը կօգտագործի այդպիսի կառուցողական նպատակներով»,- ասաց նա: