Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարին և իմ նախկին ուսանողին.
Սիրելի Արմեն,
Շնորհավորում եմ քեզ` բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթում հաջողություն մեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման պատասխանատու գործում: Քո և պաշտպանական ոլորտի մեր նոր ղեկավարների արդյունավետ և հետևողական ծառայությունից է կախված մեր ողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը: Ուստի, հուսով եմ, վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու` յուրաքանչյուր հայ մարդ: Քո և պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են:
Ունեմ քեզ երկու խորհուրդ: Դրանցից առաջինը՝ ձեր ուսանող տարիներին իմ կողմից տրված խորհրդի հիշեցումն է, իսկ երկրորդը երկար տարիներ տարբեր պաշտոններում հայրենիքին ծառայած մարդու խորհուրդ է՝ նորանշանակ պաշտոնյային:
Երբ ուսանող էիք, ես ձեզ միշտ ասել եմ` կարող եք արտահայտել ցանկացած կարծիք, բայց պետք է հստակ պատկերացնեք նյութը, որի մասին կարծիք եք հայտնում, մանրամասն աշխատած լինեք այդ նյութի վրա:
Երեկ լսեցի քո հարցազրույցը «Ազատություն» կայքի եթերում: Պետք է անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ: Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու: Այն, ինչ երեկ ներկայացնում էիր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում:
Այնինչ, իրողությունն այլ է: «Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և հետևաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից մինչև կրթական համակարգ և բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին և մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և տնտեսական մրցակցության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով:
Կրկնվեմ, յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում: Սակայն, կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան գոնե պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում: Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավելևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Որպես նախկին պաշտոնյա՝ ներկայումս բեռ կրող մարդու, ուզում եմ մի կողմից համբերություն և կատարած աշխատանքի արդյունքներով ուրախանալու առիթներ մաղթել, մյուս կողմից էլ խորհուրդ տալ` անկախ բեռի ծանրությունից և պատասխանատվության ծավալից մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը: Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, և հասարակությունն անպայման կգնահատի:
Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների և օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման և Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թևի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, և պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաև քո համար:
Աստված պահապան մեր սպային և զինվորին, մեր Ազգ-Բանակին, մեր Հայաստանին և Արցախին: Ուժ և խոհեմություն մեր երկրի ղեկավարներին: