Գլխավոր Լուրեր Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններին միանշանակ հաղթանակ կտանենք. Փաշինյան

Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններին միանշանակ հաղթանակ կտանենք. Փաշինյան

0
1233

Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններին միանշանակ հաղթանակ կտանենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններին միանշանակ հաղթանակ կտանենք, ժողովուրդն իր վստահության քվեն մեզ կտա, բայց ընդհանուր առմամբ մեր կենտրոնացվածությունը ոչ թե մեր սեփական իշխանության վրա է, այլ ժողովրդի իշխանության վրա է։ Մենք ասել ենք եւ ասում ենք, որ մենք Հայաստանում իշխանություն չունենք Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Փաշինյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ է գնում, եւ ժամանակ խնդիր ինքը չի տեսնում։

«Երբ որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ է, էստեղ ժամանակի խնդիր չկա։ Մեր նախորդ գործող Ընտրական օրենսգիրքը ընդունվեց գործող ընթացակարգերի էական բարդացմամբ եւ, բնականաբար, ժամանակ է պետք, որ մարդիկ դա ընկալեն եւ ըմբռնեն, եւ նույնիսկ այդ պարագայում ընտրությունների ժամանակ դա դեռ որոշակի հարցեր էր առաջացնում, այս պարագայում ամեն ինչ գնում է պարզեցման ուղղությամբ, հետեւաբար ես չեմ կարծում՝ այդ քննադատությունները արտահայտում են իրականությունը»,– նշեց նա։

Հարցին թե պատկերացնում է Փաշինյանը Հանրապետական կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նա ասաց, որ ինքը չէ, որ պետք է պատկերացնի որեւէ մեկին ընդդիմության կամ իշխանության դերում։

«Դա պետք է անեն ընտրողները եւ իմ գործառույթը համարում եմ ընտրողի ազատ կամարտահայտման համար հնարավորություն ստեղծելը։ Մնացածը թող որոշեն ընտրողները, իհարկե քաղաքական բոլոր ուժերի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, որպեսզի նրանք ուրիշների հետ հավասար պայմաններում հավասար իրավունքների եւ հնարավորությունների պայմաններում կարողանան գործել»,– ասաց նա։

Կապված 4–րդ քաղաքական ուժի խորհրդարանում հայտնվելու հետ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, որ դա ճիշտ մոտեցում է, որ փոփոխություն արվի կոնկրետ քաղաքական ուժի ԱԺ–ում հայտնվելու հետ կապված. «Ես կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք այդ տրամաբանությունից, որ օրենքներ գրելիս նկատի ունենանք այս մեկն այնպես անենք անցնի, այն մեկը, դա ճիշտ չէ, էլի մոտենում ենք կոստյումի տրամաբանությանը։ Ես կարծում եմ՝ այդ առաջարկը առավել ժողովրդավարական է եւ առավել ներկայացուցչական է ԱԺ–ն դարձնում, ի վերջո մենք ինչ ենք ուզում։ Մի կողմից ահազանգում ենք ՝ վայ Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, մյուս կողմից վայ, ահազանգ Կապանում միակուսակցական դիկտատուրան տապալվեց, ուրեմն վերջ, ամեն ինչ քարուքանդ եղավ, հետո ասում են՝ վայ խորհրդարանում վտանգ կա, որ մի դոմինանտ ուժ կլինի, հետո ասում են՝ վայ վտանգ կա, որ ուրի ուժեր էլ կլինեն։ Հիմա եկեք կողմնորշվենք՝ ինչ ենք ուզում»։