Գլխավոր Տնտեսական Եթե ձեզ 100 դոլար են ուղարկել դրսից, դրա 23 տոկոսը պետք է...

Եթե ձեզ 100 դոլար են ուղարկել դրսից, դրա 23 տոկոսը պետք է գնա բյուջե. Արփինե Հովհաննիսյանը ահազանգում է

0
4560

Ես շատ մտահոգված եմ կառավարության նոր նախաձեռնությամբ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված նախագծին, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր:

Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է լրջորեն զբաղվել այս խնդրով: Նա, մասնավորապես, նշել է. «Բանն այն է, որ կառավարությունը պատրաստվում է նոր նախաձեռնություն ներկայացնել, որն, ըստ էության, հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին:

Մասնավորապես, կառավարությունը պատրաստվում է ներկայացնել նախագիծ, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր:

Սա նշանակում է, որ գյուղացին, որ վաճառում է իր մթերքը, այսինքն ինքնազբաղված անձինք պետք է իրենց եկամուտը, որն առաջացել է այն վաճառքից, հայտարարագրեն: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը՝ կինը, երեխան պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը:

Սրանով ամեն ինչ սկսվում է, բայց ոչ ավարտվում: Հայտարարագրելուց հետո, ըստ նախագծի, այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի բյուջե: Այսինքն եթե ձեզ 100 դոլար են ուղարկել, դրա 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե: Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է: Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծը կյանքի կոչվի:

Քաջածանոթ լինելով հակակոռուպցիոն գործիքներին, նաեւ այն երկրների փորձին, որոնք անցել են համատարած հայտարարագրման, կարող եմ պնդել, որ այս ձեւաչափով այս գործիքակազմով նախաձեռնությունըՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող:

Ես իմ իրավասության շրջանակում անելու եմ ամեն ինչ, որ այս նախաձեռնությունն իրականություն չդառնա»,-հայտարարել է նա:

Նշենք, որ ներկայացված օրինագծի համաձայն, 2020 թվականից եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի:

Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայրարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուր»-ին այս առնչությամբ ասել է. «Այո, այդ գումարը, որը մարդը արտագնա աշխատանքի ժամանակ վաստակել է, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»: