«ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետև անտառապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում շրջանառվում է Հարությունյանի անունը՝ որպես կաշառք վերցրած պաշտոնյայի:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու, պարզապես իրավապահները սպասում են մի թղթի վերաբերյալ պաշտոնական պատասխանի:
Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները և մի շարք այլ փաստաթղթեր: Նոյեմբերի 21-ին էլ ՀՔԾ-ում առերեսում էր կատարվել Համբարձումյանի և Հարությունյանի միջև, և գործարար կինը պնդել էր իր ցուցմունքները:
Չի բացառվում Հարությունյանը ձերբակալվի դեկտեմբերին, երբ ավարտվեն այս ԱԺ-ի լիազորությունները, և Հարությունյանը կորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, որ հարկ չլինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: