Բաղրամյան-26-ից գողացված հուշամեդալները վերադարձվել են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեից:
Հաղորդագրությունում ասվում է.
«ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:
2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երեւան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ եւ գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն):
Նույն օրը՝ հունվարի 30-ին, զննության է ենթարկվել դեպքի վայրը: Նշանակվել են դատամատնադրոշմային եւ դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել 2 տասնյակից ավել անձինք:
Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերեւույթ գողացվել էին, իրենց տեղում են:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հուշամեդալները հունվարի 30-ին գողացած եւ հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձանց ինքնությունը, ինչպես նաեւ՝ դեպքի հանգամանքները: