Լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանը:
Հարցին, թե վերջին ամիսներին ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները երեք անգամ հանդիպել են. ի՞նչ ազդեցություն կունենան խաղաղության հաստատման գործընթացի վրա այս հանդիպումները, Մերկելը պատասխանեց. «Լավ է, որ մարդիկ իրար հետ խոսում են։ Բայց երկու կողմերը պատրաստ պետք է լինեն, խոսքերին պետք է հետեւեն որոշ գործողություններ: Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը։ Բայց դա պահանջում է, որ մյուս կողմն էլ նման պատրաստակամություն ցուցաբերի եւ նույնպես խիզախ քայլերի պատրաստ լինի։ Ես կարծում եմ, որ ի վերջո, երկու կողմերը պիտի համաձայնության գան»:
Հիշեցնենք, որ Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով է ընդունել Հայաստանի վարչապետին:
ՀՀ վարչապետի եւ Գերմանիայի կանցլերի բանակցություններն ավարտվել են եւ երկու երկրների ղեկավարներն պատասխանել են լրագրողների հարցերին։