«Ընդդիմությունը խորհրդարանո՞ւմ է, թե խորհրդարանից դուրս: Այս հարցը Հայաստանի հանրությանն ուղեկցում է խորհրդարանի ընտրությունից հետո, և դատելով խորհրդարանից դուրս քաղաքական հավակնություն ունեցող սուբյեկտների առատությունից ու նաև ֆինանսական ռեսուրսների որոշակի առատությունից՝ այդ հարցը շարունակելու է հնչել շատ երկար ժամանակահատված:
Այն, որ ընդդիմության հարցը հանրային-քաղաքական օրակարգի առաջնային հարցերից է, միանգամայն հասկանալի է և տրամաբանական: Հեղափոխական իրավիճակից քաղաքական զարգացման էվոլյուցիոն, համակարգային վիճակի անցումը հնարավոր է միայն ընդդիմության ձևավորման զուգահեռ գործընթացով, որը թույլ կտա ստեղծել մրցակցային քաղաքական համակարգ:
Մյուս կողմից, սակայն, ներսում, թե դրսում հարցադրումը կամ առաջ քաշվող դիլեման ակնհայտորեն ունեն մեկ հիմնական շարժառիթ՝ հանրությանը բերել համոզման, որ ընդդիմությունը դրսում է, այն ձևավորվելու է դրսում: Պատահական չէ, որ հենց դրսից է գալիս հարցադրումների տեսքով այդ դիլեման, և եթե դա չէ դրա միակ նպատակը, ապա ներսի և դրսի փոխարեն՝ հարցադրումները կլինեն շատ կոնկրետ գաղափարական, որակական, հայեցակարգային նշաձողերի շուրջ, ոչ թե ներսի և դրսի:
Ներսում կամ դրսում գտնվելը չէ, որ կանխորոշում է ընդդիմություն լինել-չլինելը: Ընդդիմությունը միշտ ներսում է՝ հանրության ներսում, հանրային, քաղաքական կյանքի օրակարգերում, և այդ օրակարգերից ընդդիմություն է դուրս գալիս այն ուժը, որը հանրությանն առաջարկում է դրանց առավելագույն արդյունավետ սպասարկման տարբերակներ, մոտեցումներ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ: Դա է պարզ բանաձևը, որը պարզունակ դիլեմաներով նենգափոխելը կարող է հանգեցնել մի հետևանքի՝ քաղաքական զարգացման տրամաբանության նենգափոխման»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: