Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայինն է: Այդ տեղեկութունը հաստատել են ոստիկանությունից, հաղորդում է Sky Sports-ը:
Ավելի վաղ Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալայի ընտանիքին հայտնել են կործանված ինքնաթիռի հայտնաբերման մասին: Ստորջրյա որոնողական գործողության տեսագրության մեջ երեւում էր նաեւ երկու զոհերից մեկի դին:
Հիշեցնենք որ Սալային տեղափոխած ինքնաթիռն անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա:
28-ամյա ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո:
Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»: