Գլխավոր Քաղաքական «Տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և...

«Տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

0
8038

«Հիմնադիր խորհրդարան»-ը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք նույնությամբ.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան

Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով:

Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը:

Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:

Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:

Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին:

Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:

Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում:
Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը»:

Հարգանքով՝

Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

22.05.2018 թ. «Արմավիր» ՔԿՀ