Գլխավոր Լուրեր Վաղ առավոտից մեկնարկել են սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնակատարությունները

Վաղ առավոտից մեկնարկել են սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնակատարությունները

0
842

Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին փետրվարի 16-ի վաղ առավոտից Ս.Սարգիս եկեղեցում:

«Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս.Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը բերվեց առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի: Կարծես այստեղ գրված ձեռագիրն ուխտի եկավ մոր գիրկը: 1693 թվականի հնագույն Ավետարանը հիմա բազմած է Սուրբ Խորանի վրա: Այս պահին սպասում ենք, որ Ս.Սարգսի աջը բերվի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի և Հավարտ Ս.Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով օրհնի հավատավոր ժողովրդին և զինվորներին, որովհետև Սուրբ Սարգիսը զինվոր էր, պայքարում էր հանուն ազատության, հավատարիմ էր իր դավանանքին և սիրո բարեխոս էր»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Նա հավելեց, որ այդ կարևորագույն արարողություններից հետո պետք է սկսվի տոնական Ս.Պատարագը` նվիրված Ս.Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: «Զինվորների օրհնության կարգից հետո Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում տեղի կունենա նաև զինվորների պարգևատրման արարողություն, նրանց կհանձնվեն խորհրդանշական նվերներ, պարգևներ, եզակի խաչեր ու խրախուսական դրամական պարգևներ»,-ասաց քահանա Հայրապետյանը:

Նա շեշտեց, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով երիտասարդները, եկեղեցական համայնքների անդամները, զինվորականները, ոստիկանական ակադեմիայի սաները, հասարակական կազմակերպությունների անդամները, բուհերի ուսանողները և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին ու երիտասարդների համար նախատեսված համերգային ծրագրին, որը կանցկացվի «Սիրահարների այգում»:

«Եթե երեկ երեկոյան այստեղ լինեիք, կտեսնեիք, որ աղի բլիթը հայթայթելու համար բազմաթիվ երիտասարդներ էին եկել, ցանկանում էին ճաշակել այն ու երազում տեսնել իրենց ապագա կողակցին: Իհարկե, դրանք վաղեմի ավանդույթներ են, որոնք դեռ Քրիստոնեությունից առաջ են եղել, բայց մեր ժողովուրդը միշտ պահում է դրանք հիշողության մեջ: Մեր ժողովուրդը դեռ հազարամյակներ պետք է ապրի»,-եզրափակեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը: