Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Բավականին դժվար է ՌԴ-ում հասնել արդարության. 3 ամիս «Բուտիրյան» բանտում գտնված հայ...

Բավականին դժվար է ՌԴ-ում հասնել արդարության. 3 ամիս «Բուտիրյան» բանտում գտնված հայ պլաստիկ վիրաբույժն ազատության մեջ է (տեսանյութ)

0
1559

Բավականին դժվար է ՌԴ-ում հասնել արդարության, ու մի ուժով չէ, որ դա կարող է տեղի ունենալ, բավականին մեծ ջանքեր են գործադրվել, որ ես ազատվեմ ու իմ պայքարը տանեմ ազատությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է նոյեմբերից Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը:

«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին իմ ազատությանը, ովքեր մասնակցեցին ստորագրահավքին, ովքեր եղան աջակից արդարության բացահայտմանը և արդարության պայքարին։ Հավատացեք՝ բավականին դժվար է Ռուսաստանում հասնել արդարությանը, ու մի ուժով չէ, որ կարող է դա տեղի ունենալ․ բավականին մեծ ջանքեր են դրվել, որպեսզի ես ազատ արձակվեմ ու կարողանամ իմ պայքարը տանել ազատության մեջ»։

Գևորգ Ստեփանյանը նշել է, որ բանտում բավականին ծանր պայմաններ էին, բավականին ծանր ճանապարհով է անցել, բայց պայքարը դեռ առջևում է․ «Դեռ դժվարությունները առջևում են, դեռ ունենք պայքար դատարաններում։ Ես ավելի քան համոզված եմ, որ արդարությունը իմ կողմն է․ այս բառը հենց այնպես չեմ օգտագործում, որովհետև ես իմ ամեն մի քայլը գիտեմ, ես գիտեմ՝ ինչ եմ արել, ես գիտեմ՝ ինչպես եմ արել, ու ամեն մի քայլիս համար կարող եմ ստորագրել։ Մեզ այսօր մի բան է պակասում՝ դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որը շուտով կլինի, և հենց պատրաստ լինի՝ պարզ կլինի, թե ում մեղքը որտեղ է։ Ես ավելի քան համոզված եմ, որ անմեղ եմ»,- հայտարարել է նա։

Գևորգ Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր է, ինչ ազատության մեջ է, և «դեռ հետ է գալիս»։

Նա անդրադարձել է նաև սոցիալական ցանցերով ստացած այն բազմաթիվ նամակներին, որոնցով նրան առաջարկում են ֆինանսական կամ որևէ այլ օգնություն․

«Ինձ ոչ ֆինանսական, ոչ էլ այլ օգնություն է պետք, ինձ պետք է ձեր ներկայությունը, ձեր աջակցությունը այս ամենին»,- ասել է նա՝ եզրափակելով «բոլորով իրար հետ, դեպի առաջ»։

Հիշեցնենք՝ Գևորգ Ստեփանյանը գտնվում էր Մոսկվայի «Բուտիրյան» բանտում և կալանավորվել էր բժշկական սխալի պատճառով, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հիվանդի առողջությունը վտանգվել է այլ բժիշկների անփութության հետևանքով։