Գլխավոր Իրավական Վարորդական իրավունքի քննության հարցաշարը 600 հարցի փոխարեն կդառնա 1000. ՃՈ պետ

Վարորդական իրավունքի քննության հարցաշարը 600 հարցի փոխարեն կդառնա 1000. ՃՈ պետ

1457
0

Tert.am-ը գրում է․

ՃՈ պետ Եգոր Կարապետյանը կարծում է, որ վթարների շատանալու պատճառներից խուսափելու համար պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու են այդքան շատացել վթարները՝ 24 ժամում 4 հոգի զոհվել է:

«Շատ  ցավալի լուր էր, ունեցել ենք Երևան քաղաքում երկու վրաերթ՝ տարբեր տեղերում, Մեղրիրում զինվորականներ՝ երկու եղբայր մեքենայով դուրս են եկել հանդիպակաց գոտի, մի եղբայրը տեղում էր մահացել, մյուսը՝ հիվանդանոցում: Պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասաց ՃՈ պետը:

Նա նշեց, որ ցավալի է, որ դպրոցահասակ երեխային պետք է բացատրել՝ ինչպես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և այդ նույն բանը պետք է անել նաև 30, 40, 50 տարեկան մարդկանց շրջանում: Նա նկատեց, որ այս խնդիրը միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհով մեկ այս պրոբլեմը կա:

Հարցին՝ հնարավո՞ր է արագաչափեր ու տեսախցիկներ ավելի շատ տեղադրվեն, քանի որ շատացել են ՃՏՊ-ները, նա պատասխանեց. «Դրանց տեղադրելն ինքնանպատակ չէ, ուսումնասիրություն է կատարվում արագաչափերի հետ կապված, դիմում ենք համապատասխան քաղաքապետերին, գյուղապետերին, կլինեն համապատասխան թույլտվություն իրենց կողմից, նոր դրվում է նշված արագաչափը»:

ՃՈ պետը ասաց, որ ոչ մի տեսախցիկ չի հանվել, միայն սահմանված 68 կմ/ժամից ցածր արագություն ֆիքսող արագաչափերն են հանվել:

Դիտարկմանը՝ վարորդներն ասում են՝ գծանշումները չեն երևում, դրա համար իրենք չեն տեսնում, թե հետիոտնը  թույլատրելի մասով է  անցնում, թե ոչ, Կարապետյանն ասաց, որ նախորդ տարի եղանակն ավելի բարենպաստ էր և գծանշումներն ավելի շուտ էին արվել: «Այս տարի եղանակի անբարենպաստ լինելու պատճառով մենք չենք կարողացել գծանշում անել ավելի շուտ, որովհետև պետք է ասֆալտի ջերմաստիճանը համապատասխան ջերմության լինի, որ ներկելուց հետո ներկը դուրս չգա: Արդեն տասն օր է՝ գծանշման աշխատանքները սկսել ենք, և աշխատանքները գիշերային ժամերին կատարվում են»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ՃՈ-ն լավ չի աշխատում, խախտումները աչքաթող են արվում, Կարապետյանն ասաց, որ իրենք շեշտը դրել են ավելի կոպիտ խախտումների վրա: «Նախազգուշացումներ ենք անում, ավելի քան 28-30 հազար նախազգուշացում է ուղարկվել վարորդներին»,- նշեց նա:

Հարցին էլ՝ նախկին իշխանությունների օրոք դժվար չէր վարորդական իրավունք ձեռք բերել՝ առանց քննություն տալու, 100-120 հազար դրամ վճարելով, դա ինչպե՞ս է վերանայվելու գնած ու քննություն չտված վարորդները կզրկվե՞ն վկայականներից, Կարապետյանը պատասխանեց. «Եթե նախկինում նման դեպքեր եղել են, ապա համապատասխան ծառայությունները զբաղվել են և համապատասխան մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, իսկ այդ մարդիկ էլ զրկվել են վարորդական իրավունքներից»:

ՃՈ պետն ասաց, որ ավելի է խստանալու վարորդական իրավունքի տրման կարգը: «Հարցաշարի հարցերն ավելի են շատանալու, 600 հարց է, մոտենալու է 1000-ին: Հիմա բացառում ենք գումարով վարորդական իրավունք գնելու դեպքերը»,- նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ «գոլդ» համարով մեքենաները նախկինում արտոնություն ունեին, երթևեկության կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության չէին ենթարկվում, նա պատասխանեց. «ՃՈ համար թե՛ նախկինում, թե՛ ներկայում միևնույնն է եղել, և եթե «գոլդ» համարանիշներով մեքենաները կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, ուրեմն իրենք վարչական պատասխանատվության են ենթարկվել»: