Գլխավոր Իրավական Բացահայտել են 98 միլիոն դրամ արժեքով զարդերի գողության դեպքը. երկու անձ կալանավորվել...

Բացահայտել են 98 միլիոն դրամ արժեքով զարդերի գողության դեպքը. երկու անձ կալանավորվել է։ Գողոնը հայտնաբերվել է գերեզմանոցում (տեսանյութ)

1217
0

Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամադե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գողության հատկանիշներով։ Մեքենայատերը ոսկու առ ու վաճառքով է զբաղվում։ Այդ օրը նա իր ոսկու խանութից զարդեր էր վերցրել տուն տանելու և օրվա ընթացքում մեքենայով այցելել էր տարբեր վայրեր։ Տուժողը տան բակում էր նկատել, որ մեքենայում թողած ոսկե և ադամանդե զարդերերով տոպրակները չկան։

Ահազանգից հետո նախ պարզվել էց, որ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բուժհաստատություններից մեկի դիմաց։ Հանցագործության բացահայտմամբ սկսել են զբաղվել ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրել են դեպքի հետ առնչվող, նույնիսկ աննշան թվացող մանրուքները։
Ոստիկանների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ տուժողը մեքենան վաճառում էր, և վերջերս տարբեր անձինք եկել էին այն տեսնելու։

Քանի որ մեքենայի դուռը բացել էին հարմարեցված բանալիով, ուստի վարկած է առաջ քաշվել, որ հնարավոր է թվացյալ գնորդներից մեկը բանալին ինչ-որ կերպ պատճենահանած լիներ։ Հետախուզական միջոցառումները կենտրոնացվել են այս վարկածի իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Շուտով հայտնի է դարձել, որ գողությունից օրեր առաջ տուժողի գործընկերներից մեկը իր մտերիմի հետ եկել էր մեքենան տեսնելու։ Այդ ընթացքում նույնիսկ թվացյալ գնորդը այն վարել էր, ուստի չէր բացառվում, որ հենց այդ անձն էլ, նախնական վարկածով՝ պլաստիլինով պատճենել էր մեքենայի բանալին՝ հետագայում նույնատիպ բանալի պատրաստելու և մեքենայից գողություն անելու նպատակով։

Կարճ ժամանակում պարզվել է այդ անձի ինքնությունը։ Պարզվել է նաև դեպքին նախորդած ժամերին նրա շարժը։ Եվ այսպես, մայիսի 4-ին տուժողը իր խանութից վերցրել է տոպրակներով զարդերը և մեքենայով շարժվել մայրաքաղաքի Խորենացու փողոցում գտնվող իր արտադրամաս։ Մի քանի օր առաջ նրա մեքենան տեսնելու եկած անձը մեքենայով և ոտքով հետևել է նրա շարժին՝ սպասելով Խորենացու փողոցում։ Երբ տուժողը դուրս է եկել արտադրամասից ու շտապել բուժհաստատությունում գտնվող ծնողին այցելության, նրան փողոցում սպասող անձը շարունակել է հետևել։

Տուժողը, հասնելով տեղ, մեքենան կայանել է բուժհաստատության ավտոկայանատեղիում և բարձրացել հիվանդանոց։ Րոպեներ անց մեքենային է մոտեցել նրան հետևած տղամարդը, կրկնօրինակ բանալիով բացել մեքենայի դուռը, վերցրել տոպրակներով զարդերն ու ոտքով հեռացել։ Այս ամենը պարզելուց հետո առաջ քաշված վարկածի իսկությունը հիմնավորվել է։ Նաև օպերատիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարած Արման Սահակյանը մենակ չի գործել, քանի որ հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաև տուժողի գործընկեր Տիգրան Գասպարյանը, գտնվել է մեքենայում:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները 34-ամյա Սահակյանին ու 35-ամյա Գասպարյանին հայտնաբերել են մայիսի 11-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ձերբակալվել են։

Հետագա միջոցառումներով՝ իրավապահները հայտնաբերել են նաև գողոնը։ Տոպրակներով ոսկե և ադամանդե զարդերը թաքցված էին Արման Սահակյանի պապի գերեզմանոցում։ Զարդերն առգրավվել են հետագա գործողությունների համար։

Երևանի բնակիչներ Արման Սահակյանին ու Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել ու տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։