Գլխավոր Լուրեր Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից առաջ դատարանի բակում ակցիա է

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից առաջ դատարանի բակում ակցիա է

0
1369

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշումը Երևանի ընդհանուր իրավասությանը դատարանը կհրապարակի մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին: Թեպետ որոշման հրապարակմանը դեռ բավական ժամանակ կա, դեռ առավոտից դատարանի դիմաց հավաքվել են ինչպես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ նրան դեմ արտահայտվողները: «Արմենպրես»ի հաղորդմամբ, դատարանի բակը մարդաշատ է. այնտեղ նաև իրավապահ ուժեր են տեղակայված:

Դատարանը խորհրդակցական սենյակում է՝ քննելու Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:  Նախագահները դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին՝ անձամբ ներկայացնելու երաշխավորությունը:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների՝ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը մեկնարկել է մայիսի 13-ից: Քննվում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։