«Անհրաժեշտության դեպքում կներկայացնենք նաև անուններ. լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով այն դավադրությունների մասին, որոնց վերաբերյալ հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այդ մասին խոսել էր մայիսի 20-ի հայտնի ելույթում, որը վերաբերում էր դատաիրավական համակարգի վիրահատական վերափոխման մեկնարկին, սակայն ներառում էր նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ապրիլյան պատերազմն ու նաև նախկին կոռուպցիոն համակարգի մի շարք խմբերի փորձը՝ «դավադիր պատերազմի» միջոցով պահպանել դիրքերն ու տապալել նոր իշխանությանը: Այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանն իր ելույթում ազդարարել էր, որ սեղանին ոչ թե զուտ դատարանների, այլ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հարց է: Անխոս է, որ այստեղ Հայաստան՝ նշանակում է նաև Արցախ:
Հանրությունը մի քանի օր շարունակ քննարկում է հարցը, թե ովքե՞ր են այն մարդիկ կամ շրջանակները, որոնք պատրաստ են կամ փորձում են սանձազերծել «դավադիր պատերազմ»: Սա, ի վերջո, լրջագույն թեմա է, որովհետև Հայաստանի զարգացումը էապես կախված է նաև կայուն միջավայրից, և այդ մասին նշված է ընդհուպ կառավարության հնգամյա ծրագրի ամենասկզբում, որը խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո ներկայացվել է ԱԺ հաստատման:
Անկասկած է, որ ռեգիոնալ կայունությունը հիմնարար նշանակություն ունի թավշյա հեղափոխության ներքին ու արտաքին կապիտալացման համար, դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական և արժեհամակարգային հեղափոխությունը կայուն առաջ մղելու համար: Իսկ այստեղ, անշուշտ, խորքային խնդիրն է, որովհետև լայն քաղաքական համատեքստի առումով եվրասիական հարթությունում մարտահրավերը լոկ Հայաստանում հեղափոխական իշխանությունը չէ, այլ արժեհամակարգային հեղափոխությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: