Գլխավոր Լուրեր «Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, կրվում են»․ Նիկոլ Փաշինյանը՝...

«Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, կրվում են»․ Նիկոլ Փաշինյանը՝ բուքմեյքերական գրանսենյակների բողոքող աշխատակիցներին

0
1532

Tert.am-ը գրում է.

Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իրենց դժգոհությունը հայտնեցին բուքմեյքերական գրասենյակների փակման հետ կապված: Նրանք նշեցին, որ ցանկանում են մինչև Ազգային ժողովում հարցը քննարկելը խոսեն վարչապետի հետ:

Ի պատասխան բողոքողների՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Նախընտրական շրջանում ուր գնացել եմ ՝ Երևան քաղաքում,  բոլոր շրջաններում, մարդիկ համատարած իմ առջև խնդիր էին դնում, որ այսպես չի կարելի: Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, աշխատավարձերը կրվում են»:

Ըստ վարչապետի՝ իրեն բոլորն են ասել, որ այդ խնդիրը պետք է լուծվի: «Սա լուծման տարբերակն է, այն, որ մենք մտածել ենք, այն, որ մարդիկ պահանջել են, այն, ինչ մենք մարդկանց խոստացել ենք»,- ասաց նա:

Դրան ի պատասխան՝ բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներից մեկը հարց բարձրացրեց՝ արդյոք չե՞ն մտածել այն մարդկանց մասին, որոնք գրասենյակների փակման ժամանակ գործազուրկ են դառնալու: «Ուրիշ աշխատատեղ գտեք»,- արձագանքեց վարչապետը:  Դրան էլ բողոքողներից մեկը պատասխանեց, «Ուրիշ աշխատատեղեր չեն առաջարկել»:

«Մենք մոնոպոլիաները վերացրել ենք, տնտեսական խտրականությունները վերացրել ենք, համակարգային կոռուպցիան վերացրել ենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք խնդրի լուծման տարբերակն ընտրել են, եթե հավաքվածներն ունեն այլ լուծման տարբերակ, թող առաջարկեն:

Բողոքող քաղաքացիներից մեկն առաջարկեց, որ իրենց ղեկավարներից հանձնաժողով կազմեն և հանդիպեն վարչապետի հետ: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ լավ կլինի իրենց առաջարկը գրավոր ներկայացնեն իր օգնականին, այն կարդալուց հետո, եթե հասկանան, որ այդ առաջարկները տրամաբանական և իրականանալի են, կհանդիպեն, կխոսեն: Նա հավաքվածներին խոստացավ անձամբ կարդալ:

«Այսօր կամ վաղը առաջարկը տվեք, ես խոստանում եմ՝ կկարդամ»,- ասաց նա: