News.am-ը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ ապագայում կպատմի իր ծրագրերի մասին: Այս մասին «Նորությունների դաշնային գործակալության» հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշել է, որ այժմ Քոչարյանն իր աշխատավայրում է, իրեն լավ է զգում:
«Առողջականը նորմալ է, եւ մնացած ամեն ինչ լավ է: Երեկ 40 րոպե հիվանդանոցում է եղել: Դա պլանային հետազոտություն էր: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա մոտ ապագայում նա դրանց մասին կպատմի՝ լրագրողների հետ զրույցում կամ այլ ձեւաչափով՝ հոդված, հայտարարություն: Դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներն ուռճացնում են Հայաստանում տեղի ունեցած փողոցային ակցիաների մասշտաբները: «Չէի ասի, թե Երեւանում նման լարված իրավիճակ է: Վերջին իրադարձությունները կապված էին դատարանների արգելափակման հետ»,- նշել է նա:
Բացի այդ, նա ասել է, որ Քոչարյանի ազատ արձակման հետ կապված զանգվածային անկարգությունների մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:
Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի ազատ արձակմանը, Սողոմոնյանը վստահ է, որ ձերբակալությունն անօրինական էր:
«Այժմ կալանքը հաղթահարված է: Այդ գործով ամեն ինչ բացարձակ անօրինական էր: Ռոբերտ Քոչարյանի գործը կարված է սպիտակ թելերով, դրանում այնքան հակասություններ կան, որ այն, իմ կարծիքով, իրավական հարթությունից, ինչպես նաեւ առողջ մտքից դուրս է գտնվում: Եվ մի օր ազատ արձակումը պետք է տեղի ունենար»,- վստահություն է հայտնել է Սողոմոնյանը: