«Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար միջոցառումներ էին կազմակերպված տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում և Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները: Սարդարապատի միջոցառումներին ներկա էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
Իսկ ահա Ապարանում կազմակերպված միջոցառումն ավելի փոքրաթիվ էր: Սակայն թերևս առաջին անգամ Արցախը պաշտոնապես չմասնակցեց Հայաստանում տեղի ունեցած տոնական միջոցառումներին, իսկ դա իսկապես խորհելու տեղիք է տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի նախագահ խորհրդական Դավիթ Բաբայանին, վերջինս սակայն խուսափեց հստակ պատասխանել` հրավեր եղել է, թե ոչ` միայն ընդգծելով, թե նախագահ Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով, ընտրվել է այս ձևաչափը:
«Դուք գիտեք, որ Արցախում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները և նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել: Միայն դա է պատճառը, հետին միտք փնտրել պետք չէ: Այս անգամ ընտրվեց այդ ձևաչափը»,-նշեց Բաբայանը:
Եվ չնայած Դավիթ Բաբայանը նախագահի բացակայությունը պարզաբանում է վերջինիս զբաղվածությամբ, սակայն ընդգծենք, որ առհասարակ Արցախից որևէ պաշտոնյա երեկ չի մասնակցել միջոցառումներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: