Գլխավոր Տնտեսական Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. վիզայի չեղարկմամբ ակնկալվում է...

Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. վիզայի չեղարկմամբ ակնկալվում է այցերի ակտիվացում

0
1502

Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով 2017-ի համեմատ: Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականի առաջին եռամսյակում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով:  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, որ Չինաստանը Հայաստանի համար թիրախային շուկա է:

«Այդ համատեքստում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը կարող է նոր թափ հաղորդել զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի ու Չինաստանի միջև ոլորտում համագործակցությանը: Թվային մարկետինգի պլանավորման աշխատանքներում մեծ ուշադրություն ենք դարձնում հենց  Չինաստանին, որ այդ ուղղությամբ հատուկ թվային արշավներ ձևավորվեն: Օգտագործում ենք բոլոր հնարավորությունները և՛ թվային հարթակը, և՛ Հայաստանի մասին պատմող ֆիլմերի ցուցադրությունը, և՛ ցուցահանդեսները: Հայաստանը հենց այս օրերին մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպած մի ցուցահանդեսի, որը նվիրված է գինու զբոսաշրջությանը, գինու երթուղիներին: Հայկական արտադրանքը և զբոսաշրջային հնարավորությունները մեծ ուշադրության են արժանացել չինացի այցելուների շրջանում»,-ասաց Աննա Օհանյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը պատահական չի համարում Չինաստանը թիրախային շուկա համարելը: Նա նկատեց, որ արտագնա զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջիկների թվով աշխարհում առաջին երկիրը Չինաստանն է: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Չինաստանի հետ Հայաստանն արդեն ունի բավական պարզ վիզային ռեժիմ: Քաղաքացիները կարող են վիզան ստանալ հենց սահմանին կամ առցանց: Ներկայում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը Մեխակ Ապրեսյանը համարում է մի նոր մակարդակ:

«Եվ կարևոր է այն, որ դա փոխադարձ է: Այսինքն՝ նույն պայմաններով Հայաստանի քաղաքացիները կարող են գնալ Չինաստան: Վերջին տարիներին Չինաստանի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը բարձրանում է, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 40 տոկոսով աճել են Չինաստանից Հայաստան այցելությունները: Թեև թիվը շատ մեծ չէ, սակայն աճի տեմպերն ավելի խոստումնալից են: Մնում է ուղիղ չվերթներ լինեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Ի՞նչ անելիք ունեն պետական կառույցները, մասնավոր հատվածը: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մի քանի տարի է Չինաստանի ուղղությամբ հետևողական աշխատանք տարվել է, ներկայում էլ այն ակտիվ փուլում է: Իհարկե, ըստ նրա, պետք է ավելի նպատակային, արդյունավետ մարկետինգային քաղաքականություն իրականացնել, և ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որ ուղիղ չվերթներ բացվեն:

«Ակտիվ պետք է լինի մասնավոր հատվածը՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլև տարածաշրջանային տուրիստական փաթեթներ մի քանի ուղղություններով՝ Հայաստան, Վրաստան, Իրան»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Չինացի զբոսաշրջիկները հետաքրքրված են հենց տարածաշրջանային տուրիստական փաթեթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «ՏԱԹԵՎ-Տ.Տ.Տ.» տուրիստական ընկերության փոխտնօրեն Սևակ Դավուդյանը: Ընկերությունը Չինաստանից եկած զբոսաշրջիկների հետ ակտիվորեն սկսել է աշխատել նախորդ տարվանից:

«Չինաստանից հիմնականում գալիս են խմբերով՝ ընտրելով տարածաշրջանային փաթեթներ, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը: Այստեղ սովորաբար մնում են երկու կամ երեք օր: Հիմնականում նախընտրում են պատմամշակութային վայրեր՝ Գառնի, Գեղարդ, Սևան, Էջմիածին, Խոր Վիրապ, Դիլիջան, Հաղպատ և այլն: Ծրագիրը կախված է Հայաստանում մնալու օրերի քանակից»,-ասաց Սևակ Դավուդյանը:

Նա նշեց, որ Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների աճ նկատվում է: Եթե տարիներ առաջ հատ ու կենտ մարդիկ էին գալիս, ապա հիմա ակտիվությունն ակնհայտ է:

«Հիմա վիզային ռեժիմը վերացվում է, ինչը շատ կարևոր է: Դա կնպաստի զբոսաշրջային այցերի ակտիվացմանը ոչ միայն խմբերով, կգան նաև անհատներ: Եվ դա կարող են կազմակերպել առանց օնլայն գրանցումների ու ինչ-որ բաներ լրացնելու»,-ասաց Սևակ Դավուդյանը: Նա տեղեկացրեց, որ Չինաստանի տուրիստականների հետ են ակտիվ աշխատում՝ նրանց ներկայացուցիչներին բերելով Հայաստան, ներկայացնելով տուրիստական հնարավորությունները, տեսարժան վայրերը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք ացբյուր կայքում: