Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի ինքնուրույն հարստացած 80 ամենահարուստ կանանց համատեղ կարողությունը 2019-ին կազմում է 81.3 մլրդ դոլար:
Ինչպես նշում է Forbes ամսագիրը, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 71 մլրդ դոլար: Կապիտալի աճի գլխավոր պատճառը Self-Made Women («Ինքնուրույն հարստացած կանայք») վարկանշային աղյուսակի մասնակիցների թվի աճն է: 2018-ին նրանք 60-ն էին, իսկ այս տարի հեղինակավոր ամսագիրը ցանկում ներառել է 80 կանանց:
Վարկանշային ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը 225 մլն դոլարն է: Հենց այդ գումարն է, ըստ Forbes-ի, կարողացել վաստակել թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը վարկանիշում ներառված միակ մարզուհին է:
Ցանկը գլխավորել է տանիքի ծածկերի խոշոր ամերիկյան արտադրող ABC Supply ընկերության համահիմնադիր և ղեկավար Դիանա Հենդրիքսը, որի կարողությունը գնահատվել է 7 մլրդ դոլար:
Ցանկում տեղ են գտել նաև երկու հայուհիներ. 42-րդ տեղը զբաղեցրել է ձեռնարկատեր, ոսկերչությամբ զբաղվող Քերոլին Ռաֆայելյանը՝ 520 մլն դոլար կարողությամբ և հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը (57-րդ տեղ)՝ 370 մլն դոլար ունեցվածքով:
Ցանկում հայտնվել են նաև հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին ($2,6 մլրդ), մոդել Քայլի Ջենները ($1 մլրդ), երգչուհիներ Ռիհաննան ($600 մլն), Մադոննան ($570 մլն), Սելին Դիոնը ($450 մլն), Բեյոնսեն ($400 մլն), Բարբարա Սթրեյզանդը ($400 մլն):