«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Ալափարս մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության վարչության։ Միջոցառումը տևեց 10 ժամից ավելի։ Քննարկվեցին հետախուզվողին անվնաս բռնելու և բերման ենթարկելու մի շարք տարբերակներ։ Արդեն հունիսի լույս 8-ի գիշերը Վալերիյ Օսիպյանն անձամբ զրուցեց հետախուզվողի հետ։ Տևական և արդյունավետ բացատրական հեռախոսազրույցից հետո հետախուզվողը կամավոր դուրս եկավ թաքստոցից և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նա կալանավորվել է։