Գլխավոր Պաշտոնական ՀՀ նախագահականում կոչումներ և աստիճաններ ստացան ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչները

ՀՀ նախագահականում կոչումներ և աստիճաններ ստացան ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչները

1236
0

ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով կոչումներ և դասային աստիճաններ են ստացել ուժային կառույցների և իրավապահ համակարգի ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի Վանեցյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի Գրիգորյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Ալբերտի Հայրապետովին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սարգսի Դավթյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին շնորհվեց ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սարգսի Դավթյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով պարգևատրվողներին, նշեց՝ խորհրդանշական է, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:

«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը: Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛  ներկային, թե՛ ապագային: Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը: Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝  նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի  շահերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:

Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար մեծ պատիվ է այդ ուսադիրները կրելը, դա աշխատանքի ամենամեծ գնահատականն է:

«Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատանքը գնահատողներին՝ մեր երկրի վարչապետին և նախագահին: Ուզում եմ բոլորին շնորհավորել Սահմանադրության օրվա կապակցությամբ»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Սահմանադրության օրվա հետ կապված շնորհավորանքներ հղեց նաև Արթուր Վանեցյանը և շնորհակալություն հայտնեց իր աշխատանքը գնահատելու համար:

«Պարգևատրվել, ստանալ զինվորական բարձրագույն կոչում Սահմանադրության օրը, շատ կարևոր է և պարտավորեցնող: Գեներալի կոչումը ոչ միայն ուրախություն է  ստացողի համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն, ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր ստացել են այդ կոչումները, արժանի ծառայեն մեր պետությանը: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ամբողջ հայ ժողովրդին»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրուցում անկեղծացավ և նշեց, որ սպասում էր այս կոչմանն արժանանալուն դեռ շարքային ժամանակներից:

«Իզուր չեն ասում, որ յուրաքանչյուր շարքային ցանկություն ունի դառնալ գեներալ: Երբ ես 30 տարի առաջ ընդունվել եմ ոստիկանություն, այն ժամանակ ցանկացել եմ հասնել այս արդյունքին: Իմ կատարած աշխատանքի գնահատականը ես չտամ, դա կանի հասարակությունը, կանեն իմ գործընկերները»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո փոխադարձ շնորհավորանքներ հնչեցին մեկ գավաթ շամպայնի շուրջ: Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական լուսանկարով:

Նոր տեսանյութ.